Ռուսաստանն ու Ֆրանսիան վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարեւորությունը Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշեցինք ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը եւ օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։ Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած իր համատեղ տեսաժողովի արդյունքների մասին»,- ասել է Պուտինը։


Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ բանակցությունների ընթացքում խոսվել է մի շարք այլ հարցերի մասին, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության. «Այստեղ ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ այսօր առավոտյան ազատ է արձակվել ութ բանտարկյալ։ Մեր ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար։ Անցած ուրբաթ նախագահներ Ալիեւի եւ Փաշինյանի հետ տեսակապի միջոցով մամուլի ասուլիս հրավիրեցինք, որի ընթացքում բարձրացվեցին անհայտ կորածների, փախստականների եւ մի շարք այլ հարցեր, որոնք նույնպես կայունության տարրեր են։ Նախագահ Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք համատեղ տեսակետներ հայտնեցինք մի շարք հարցերի շուրջ։ Կցանկանայի ողջունել ձեր զինվորականների դերը սահմանին Հայաստանի և Ադրբեջանի համար դժվարին ժամանակաշրջանում։ Նաեւ Մինսկի կոմիտեի առկա պայմանավորվածությունների շրջանակներում թե՛ Ֆրանսիան, թե՛ Ռուսաստանը համապատասխան դերակատարում ունեն»։