Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Բաքվից Երեւան է հասցրել 8 հայ ռազմագերիների։ Օդանավը դիմավորել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ինչպես նաև ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ գերիները վերադարձել են Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների միջնորդությամբ։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, մեկնաբանելով գերությունից հայ զինծառայողների վերադարձը, շնորհակալություն է հայտնել դիվանագետներին, ինչպես նաև զինվորականներին, ովքեր մասնակցել են այս գործողությանը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նշել է, որ սա ևս մեկ դրական ազդանշան է Հայաստանի և Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարի հանդիպումից հետո։ «ԵՄ-ն աջակցում է կայունությանն ու բարգավաճմանը տարածաշրջանում», գրել է Միշելը։
Տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը կայացել է փետրվարի 4-ին՝ Բաքվում Հարավային գազային միջանցքի համաժողովին զուգահեռ։ Բաքվում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է ԵՄ-ի կողմից Բաքվին 2 մլրդ եվրո հատկացնելու մասին։
Բաքվին՝ փող, Երևանին՝ գերիներ։ Եվ ոչ մի խոսք Մինսկի գործընթացի վերսկսման մասին։ Հանդիպումից հետո Բաքվի վերլուծաբանները գոհունակությամբ հայտարարեցին, որ Ալիեւին հաջողվել է տորպեդահարել Մինսկի խումբը։
Մակրոնը՝ որպես ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի նախագահ, Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ։ Արդյոք նա անցել է երկշաբաթյա կարանտին և ախտահանվելու, ինչպես Պիսկարևսկի գերեզմանատան ձնակույտերը, ուր այցելել էր Պուտինը։ Կարևոր չէ: Հարց է առաջանում՝ Մակրոնին ուկրաինական ճգնաժամի հարցով Պուտինի հետ հանդիպելուց առաջ ինչու՞ է պետք եղել տեսակոնֆերանս կազմակերպել Փաշինյանի և Ալիևի հետ, փող տալ Բաքվին և 8 գերի վերադարձնել Հայաստան և չհիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Եվ ի՞նչ «զինվորականների և դիվանագետների մասնակցությամբ գործողության» մասին էր խոսում Մակրոնը։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/02/07/697253/