Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:
Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, և «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:
Սիրելի՛ արցախցիներ,
Այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը և համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին և բռնապետների քմահաճույքներին:
Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես և դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով:
Սիրելի՛ արցախցիներ,
Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլևս չի լինելու:
Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					