Համոզված եմ, որ մենք կշարունակենք ջանքերը բարձր մակարդակով միջպետական հարաբերությունների զարգացման, դրանց խորացման համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների եւ հանուն տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության։ Այս մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ «Հայաստան – Իրան. պատմական անցյալը եւ ներկան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Համաժողովը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Ուղերձում նաեւ նշվում է. «Մեր երկրները, դարերի ընթացքում հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այսօր ցուցադրում են վստահալից հարաբերությունների օրինակ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 30 տարիները նշանավորվել են համագործակցության ընդլայնմամբ։ Իրանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային եւ այլ ոլորտներում։ Իրանը շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել առեւտրային հարաբերությունների ոլորտում։ Կա այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության լուրջ պոտենցիալ»։