Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 10-ին Հայաստանը կունենա երկու մասնակից:
Պեկին-2022-ի մեդալային 6-րդ օրը մեկնարկ դուրս կգան դահուկավազորդներ Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը:
Երեւանի ժամանակով 11:00-ին կտրվի կանանց դահուկավազքի հերթական մրցատարածության մեկնարկը: Երկու օլիմպիականներն էլ կպայքարեն 10 կմ դասական ոճում:
Կատյա Գալստյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 1-ին, Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Հարթաշեն գյուղում: Դահուկավազորդի մարզական կարիերան սկսել է 16 տարեկանից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մասնակից:
Պեկին-2022-ը Կատյա Գալստյանի երրորդ Օլիմպիական խաղերն է: 29-ամյա դահուկավազորդը մասնակցել է նաեւ Սոչի-2014-ին եւ Փհենչան-2018-ին:
Սոչի-2014-ը Կատյա Գալստյանի առաջին Օլիմպիական խաղերն էին: Ուղեգիրը ստացել էր սպիտակ քարտով: Սոչիում Հայաստանի միակ կին օլիմպիականը մասնակցել է 10 կմ դասական ոճում եւ 75 մասնակիցների մեջ զբաղեցրել 64-րդ տեղը՝ գրանցելով 35 րոպե 24.6 վայրկյան արդյունք:
Մարզական կարիերայի երկրորդ Օլիմպիական խաղերում՝ Փհենչան-2018-ում, Կատյա Գալստյանը մասնակցել է նույն՝ 10 կմ դասական ոճում, որտեղ 30 րոպե 25.1 վայրկյան արդյունքով 90 մասնակիցների մեջ գրավել է 72-րդ տեղը։
2019 թվականին Գալստյանը Լիբանանում անցկացված դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկությունում 5 կմ ազատ ոճում դարձել է ոսկե մեդալակիր, 2021 թվականին Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում տեղի ունեցած դահուկավազքի դասակարգման փուլում 5 կմ դասական ոճում 43 մասնակիցների մեջ երրորդ տեղի արդյունք է գրանցել:
Պեկին-2022-ի մասնակցության իրավունքը ձեռք է բերել վարկանիշային միավորներով (122:45)
10 կմ դասական ոճում Կատյա Գալստյանի լավագույն արդյունքը եղել է 15 րոպե 43 վայրկյան:
Սա Կատյա Գալստյանի երկրորդ մեկնարկն է Պեկինի Օլիմպիական խաղերում: Փետրվարի 8-ին 29-ամյա դահուկավազորդը մասնակցեց արագավազքի որակավորման փուլին: 91 մասնակիցների մեջ Գալստյանը 80-րդ տեղը զբաղեցրեց եւ դուրս մնաց պայքարից: Նրա արդյունքը 4 րոպե 48 վայրկյան է:
Որակավորման փուլը հաղթահարեցին առաջին 30 տեղը զբաղեցրած դահուկավազորդները: Լավագույն արդյունքը ցույց տվեց Շվեդիայի ներկայացուցիչ Ջոնա Սանդլինգը 3:09.03 արդյունքով:
Անգելինա Մուրադյանը ծնվել է 2004 թվականին Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում:
2021 թվականի մեծահասակների Հայաստանի առաջնության մրցանակակիր է, երիտասարդների Հայաստանի չեմպիոն: Դահուկավազքով զբաղվում է 14 տարեկանից:
18-ամյա դահուկավազորդը միջազգային մրցաշարերի փորձ չունի: Պեկինի Օլիմպիական խաղերը կլինի նրա առաջին միջազգային փորձը: Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք է բերել վարկանիշային միավորներով (201.22):
10 կմ դասական ոճում Անգելինա Մուրադյանի լավագույն արդյունքը 15 րոպե 47 վայրկյան է:
10 կմ դասական ոճում կմասնակցի 98 դահուկավազորդ: Կատյա Գալստյանը հանդես կգա 87-րդ համարի, Անգելինա Մուրադյանը՝ 95-րդ համարի ներքո:
Լուսինե Շահբազյան