ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ուկրաինայում մնացած բոլոր ամերիկացիներին լքել երկիրը։ «Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան հիմա»,- ասել է Բայդենը NBC News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում «գործ ունեն ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ»։
«Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է արագ գլխիվայր շրջվել»,- ասել է Բայդենը։
Բայդենը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «իրականում բավական խելացի է, որպեսզի չանի որևէ բան, որը բացասաբար կանդրադառնա ամերիկացի քաղաքացիների վրա»:
Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Վաշինգտոնն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա, քանի որ դա կարող է պատրվակ դառնալ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար։ «Ոչ, երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, դա կդառնա համաշխարհային պատերազմ»,- ասել է Բայդենը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպիսի զարգացումներ կարող են ստիպել իրեն զորքեր ուղարկել Ուկրաինա։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ հեռանալու հանձնարարական էր տվել։