Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 11-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Մեդալային 7-րդ օրը մեկնարկ դուրս կգա դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
Երեւանի ժամանակով 11:00-ին կտրվի տղամարդկանց դահուկավազքի հերթական մրցատարածության մեկնարկը: Միքայել Միքայելյանը կմասնակցի դասակայն ոճով 15 կմ մրցատարածությանը: Մեկնարկ դուրս կգա 50 երկրի 99 դահուկավազորդ:
Միքայել Միքայելյանը ծնվել է 1999 թվականին Աշոցքում, դահուկավազորդների ընտանիքում: Անձնական մարզիչներն են հայրը եւ մայրը՝ Արթուր եւ Ալլա Միքայելյանները: Դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, 2021 թվականի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Սա Հայաստանի լավագույն արդյունքն է դահուկավազքում:
Պեկին-2022-ը Միքայել Միքայելյանի երկրորդ Օլիմպիական խաղերն է: Նա մասնակցել է նաեւ Փհենչյան-2018-ին, որտեղ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավել էր 72-րդ տեղը, իսկ 15 կմ դասական ոճում 83-րդն էր:
Միքայել Միքայելյանը մասնակցել է նաեւ Լիլեհամեր-2016 ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերին:
Պեկին-2022-ի մասնակցության իրավունքը ձեռք է բերել վարկանիշային միավորներով (55.16):
Սա Միքայել Միքայելյանի երկրորդ եւ վերջին մեկնարկն է Պեկին-2022-ում: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցեց սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում: 34 պետությունների 70 մասնակիցներից եզրագիծը կարողացավ հատել 49 դահուկավազորդ: 21 մասնակից չհաղթահարեց մրցատարածությունը: Միքայել Միքայելյանը եզրագիծը հատեց 47-րդը: Նրա արդյունքը 1:25:53.7 է: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի օլիմպիական հավաքականից Ալեքսանդր Բոլշունովը 1:16:09,8 արդյունքով: