Մայրիկս 72 տարեկան է, ապրում ենք նույն քաղաքում, բայց առանձին: Ինչպես և ցանկացած տարեց մարդ, նա էլ օգնության կարիք ունի, բայց մորս մեր տուն բերելու հնարավորություն չունեմ: Բացի նրանից, որ մեր տունը շատ է փոքր, մայրիկս շների ու կատուների սիրահար է: Նա ապրում է սեփական տան մեջ ու պահում է տասնյակ կենդանիներ, ու դա էլ բավական չէ, կերակրում է փողոցում հանդիպած բոլոր անտուն շուն ու կատուներին:

 

Ամբողջ գումարը, որը ես տալիս էի նրան՝ սնունդ ու անհրաժեշտ դեղեր գնելու համար, նա ծախսում էր կենդանիների վրա: Վերջին մի քանի ամիսներին դադարել եմ գումար տալ. արդեն ինքս եմ մթերք տանում, վճարում եմ կոմունալները, բժիշկի նշած ցանկով գնում եմ դեղատուն ու ձեռքբերում բոլոր դեղերը: Դեռ մի քիչ էլ գումար եմ թողնում՝ չնախատեսված ծախսերի համար: Պարզ բան է, որ մի թոշակով չի կարող ապրել:

Վերջերս ես ու ամուսինս հյուր էինք գնացել, ու քանի որ երկուսս էլ մի քիչ գինի էինք խմել, որոշեցինք մեքենան թողնել նրանց բակում, իսկ տուն մետրոյով վերադառնալ: Ու երբ իջնում էինք անցում, տեսանք մայրիկիս. նա աստիճաններին նստած, ձեռքը մեկնած գումար էր մուրում…

Ես քիչ էր մնում գետնի տակ անցնեի ամոթից: Ամուսինս նույնպես շոկի մեջ էր, քանի որ գիտի, որ մայրիկիս մեր ընտանեկան բյուջեից գումար եմ հատկացնում: Նա անգամ սկսեց կասկածել, արդյո՞ք այդ գումարն ուրիշ տեղ չեմ ծախսում՝ առանց նրա իմացության, այլապես ինչու՞ պիտի մայրս ողորմություն խնդրի: Պարզվեց, որ նա էլի է մի քանի շուն բերել, ու նրանց բուժում է պետք:

 

Իսկ ի՞նչ կասեն մեր ծանոթները, կոլեգաները, եթե նման վիճակում տեսնեն մորս: Բնականաբար, կկարծեն, թե ես ու ամուսինս լքել ենք նրան, թողել առանց միջոցների, աջակցության… Դե արի ու բացատրի, որ նա որոշել է ստանձնել մայր Թերեզայի դերը: Իսկ մենք էլ այնքան հարուստ չենք, որ պահենք մայրիկիս կենդանիներին:

Լուրջ խոսեցի մայրիկիս հետ, խնդրեցի՝ այլևս նման բան չանել: Բայց չգիտես ինչու, սիրտս վկայում է, որ նա դեռ շարունակում է իր գործը… Չգիտեմ էլ, ինչ անեմ: