Խորհրդարանի «ընդդիմադիր» դաշինքները հրաժարվել են մասնակցել 2020 թ․ պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, համարելով, որ իշխանության նպատակը պատերազմի հանգամանքները եւ սեփական մեղքը, հանցավոր որոշումները կոծկելն է։ Եվ մասնակցելով այդ հանձնաժողովին, «ընդդիմությունը կլեգիտիմացնի այն»։ Այս արտահայտությունն ընդհանրապես հաճախակի կիրառություն ունի խորհրդարանի «ընդդիմության» բառապաշարում եւ կոչված է քաղաքական երանգներ հաղորդել նրա գործողություններին։ Բայց այս պարագային նաեւ հարց է առաջանում՝ իսկ ինչ են լեգիտիմացրել 2021-ի խորհրդարանի ընտրությանը մասնակցելով՝ գուցե Փաշինյանի սահմանադրական մեծամասնությունն ու հայրենիք իշխանության դիմաց Կրեմլի տված իրավո՞ւնքը։
Կասկած չկա, որ քպ-ական իշխող խմբակը հենց այդ նպատակով էլ ստեղծում է քննիչ հանձնաժողովը։ Խորհրդարանի «ընդդիմությունն» առաջարկում է հանձնաժողով կազմավորելու իրավունքը տալ իրեն՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու, ճշմարտությունը լիարժեք բացահայտելու համար։ Թե ինչ են հասկանում այս ձեւակերպման տակ՝ կարելի է դատել քպ-ական իշխանության հաստատումից ի վեր եւ հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «ընդդիմության» ու նրան հարող շրջանակների ու զլմների ծավալած քարոզչությունից։ Այն հանգում էր պատերազմի հանգամանքների եւ արդյունքների հարցում Փաշինյանի միակ ու բացառիկ մեղավորության վարկածին։ Ներքին բանավեճն էլ այս ընթացքում ծավալվել է «մեղավորն ու դավաճանը դուք եք» փոխադարձության սկզբունքով։
Ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմի արդյունքների յուրահատուկ «լեգիտիմացում» հայկական խորհրդարանական ուժերի կողմից։ Քանի որ այդ «բանավեճում» խնամքով արդարացվում կամ շրջանցվում է Ռուսաստանը, տեղ տեղ նույնիսկ՝ «Ադրբեջանը»։ Ըստ այդմ, կարելի է վստահ լինել, որ քննիչ հանձնաժողովի գլխավոր նպատակը, ով էլ կազմավորի այն, «խաղաղ դարաշրջանին» ընդառաջ Ռուսաստանին «մաքրելն է»։ Ի վերջո, դա էր ենթադրում նաեւ Կրեմլի քվոտաներով խորհրդարանի կազմավորումը։
Հայաստանի դեմ պատերազմում եւ ներկայում իրականացվող ծրագրերում Ռուսաստանի դերի վերաբերյալ միայն այդ երկրի առաջին դեմքերի, նրանց պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսնակների հրապարակային հայտարարություններից հետեւյալ պատկերն է բացվում՝ Հայաստանի դեմ պատերազմի Թուրքիայի հետ համատեղ պլանավորում եւ իրագործում՝ Հայաստանի երաշխավորված պարտությամբ, միջազգային ասպարեզում Հայաստանին հնարավոր աջակցության դիվանագիտական շրջափակում (ՄԱԿ ԱԽ բանաձեւի տապալում, Մինսկի խմբի չեզոքացում եւ այլն), հայկական պաշտպանական համակարգի քայքայում, հակահայ աննախադեպ քարոզչություն եւ հիբրիդային լայն զինանոցի կիրառում, Բաքվի քայլերի առաջնորդություն հայ ինքնության հենսայուների ոչնչացման, հայ պատանդների, զինված հարձակումների եւ այլ հարցերում։
Ի՞նչ դեր ու մասնակցություն են ունեցել այս հարցերում Հայաստանի խորհրդարանում ներկա ուժերը, գիտակցաբա՞ր, թե պարտադրանքի տակ։ Եվ որտեղի՞ց ու ի՞նչ մեթոդներով է իրականացվել այդ պարտադրանքը։ Փոխադարձ մեղադրանքներում ու արտահոսքերում առկա տեղեկություններն արդեն շատ բանի մասին են վկայում։ Գալու է ժամանակը, երբ այդ ամենը բացվելու է, եւ Ռուսաստանին խնամքով քողարկելը չի փրկելու։ Հետքերը վերացնելու կարիք միշտ լինում է, ընդ որում՝ երբեմն «անսպասելի» հերթականությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/02/11/698042/