Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:
Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում
Ժամը 9:30-ին Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Սուրբ Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
11.00-ին Տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում նրանք երկուսն են՝ Առաջնորդանիստ և Նոր Նորքի Ս. Սարգիս:
Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:
Պարգևատրում: Այս տարի 7-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից 20 զինվորներ: