«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախորդ տարեվերջին ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ներից մեկը մոտ 3,5 մլն դոլարի հասնող նոր գրանտային փաթեթ է ստացել՝ ՀՀ-ում նախակրթարաններին և դպրոցական ցածր դասարաններին «աջակցություն ցուցաբերելու նպատակով»։ Մեր տեղեկություններով, այդ գումարով հրատարակված ձեռնարկները բացառապես զերծ են լինելու հայրենասիրական դաստիարակության քարոզից, հիմնական շեշտը դրված է լինելու գլոբալիզացիայի և համաշխարհային արդի գաղափարների վերաբերյալ տարբեր պատմությունների վրա։
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, տվյալ ծրագրի հետ կապված ոչ բացահայտ, բայց ակտիվ լոբբինգ է իրականացվում պետական գերատեսչությունների կողմից. ավելին, մեզ փոխանցեցին, որ ծրագրի վերահսկողությամբ զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Հենց սրանով է պայմանավորված, որ այս տարեսկզբին արդեն իսկ անցկացվել են հանդիպումներ, որոնց ժամանակ բացատրվել են աշխատանքի, մասնավորաբար «թրեյնինգների» անցկացման ընթացակարգն ու ընդհանուր շեշտադրումները։ Ստացվում է, որ հերթական անհասկանալի տրանշն է ստացվել՝ պետության ներսում սեփական օրակարգը թելադրելու և նոր քարոզչական գործընթաց իրականացնելու նպատակով»: