Կանադան 500 մլն դոլարի վարկ եւ 7.8 մլն դոլարի մահացու զենք կտրամադրի Ուկրաինային, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է CTV-ն։
Վարկն ավելանում է ավելի վաղ հայտարարված 120 միլիոն դոլարի վարկին եւ ոչ մահացու զենքին, որը Կանադան արդեն տրամադրել է Ուկրաինային, ասել է նա։
Թրյուդոն ասել է, որ շաբաթվա վերջին զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Կանադայի աջակցությունը վերահաստատելու համար:
Վարչապետն ասել է, որ մահացու զենքն ու զինամթերքը պատասխան են Ուկրաինայի կոնկրետ խնդրանքին, որն արդեն զենք է ստացել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Նիդեռլանդներից եւ Լեհաստանից։
«Աջակցության նպատակը Ռուսաստանի հետագա ագրեսիայի զսպումն է։ Իրավիճակն արագորեն սրվում է, եւ մենք ցուցադրում ենք մեր վճռականությունը»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսի ժամանակ։ «Կանադացիների եւ ամբողջ աշխարհի համար կարեւոր է իմանալ, որ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային եւ դրա անկախությանը, ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, այդ թվում՝ դրա ինքնապաշտպանության իրավունքին»: