Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել «ՀԱՊԿ-ում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը»։ Ընդգծվել է Եվրո-Ատլանտիկայում հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքների հետևողական պահպանման կարևորությունը», ասված է հաղորդագրության մեջ։ Մոսկվան հիշեցրել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման մասին։
Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում եւ Ուկրաինայի շուրջ զարգացումների ֆոնին Լավրովի զանգը կարծես նախազգուշացում լինի Հայաստանին։ Չնայած ռուսական զորքերի հայտարարված մասնակի հետքաշմանը «զորավարժություններից», դժվար թե կարելի է խոսել ապաէսկալացիայի մասին։ Ընդհակառակը, փորձագետները չեն բացառում, որ եթե Պուտինը ընդունի ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու Պետդումայի դիմումը, դիվանագիտական գործընթացը կարող է ընդմիշտ խաթարվել, և այդ ժամանակ ռազմական գործողություններ կսկսվեն։
Այս պայմաններում Ռուսաստանը փորձում է մոբիլիզացնել ու նախապատրաստել «դաշնակիցներին», և պատահական չէ, որ Լավրովը հիշատակել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության մասին, ակնարկելով, որ Երևանը նորից պետք է գործի անցնի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մասնակցելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվելու է այդ թվում ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի համագործակցության հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չի ստացել ՄԱԿ-ի մանդատ խաղաղապահ առաքելություններ իրականացնելու համար։
Տարեսկզբին ՀՀ վարչապետը որպես ՀԱՊԿ-ի խորհրդի նախագահ, որոշում կայացրեց Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ զորքեր, որոնք մի քանի օր անց դուրս բերվեցին։ Ռուսական քարոզչությունը փորձեց մոռացության տալ այն ոգևորությունը, որով ՀԱՊԿ-ին ուղարկում էր ապստամբ ղազախներին ճնշելու համար։ Բայց Հայաստանում չեն կարողանում ազատվել անհարմարության զգացումից։
Այժմ Լավրովը կրկին խոսում է «անբաժանելի անվտանգության» եւ «ՀԱՊԿ-ում փոխգործակցության» մասին։ Եվ հերթական անգամ Երեւանին հիշեցնում է եռակողմ պայմանավորվածությունների մասին։ Վերջին շնչում էլ Մոսկվան պնդելու է ռուս-թուրքական հակահայ «եռակողմ պայմանավորվածությունները»։