Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ն դեռ չի կարող հաստատել Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերումը, բայց «եթե դա տեղի ունենա, լավ կլինի»: Միացյալ Նահանգները պատրաստ չէ հրաժարվել այն սկզբունքից, որ երկրներն ազատ են դաշինքներ ընտրելու հարցում, նշել է Բայդենը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառազինությունների վերահսկման նոր միջոցներ է առաջարկում:

«Մեր վերլուծաբանները նշում են, որ ռուս զինվորականները մնում են Ուկրաինային սպառնացող դիրքերում։ Ներխուժումը դեռևս սպասելի է։ Այդ իսկ պատճառով մենք մեր դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխեցինք Լվով։

ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության գրավոր համաձայնագրեր հաստատել, եթե դրանք ձեռք բերվեն։ Դաշնակիցների և գործընկերների հետ մենք աշխատում ենք դիվանագիտության ճանապարհով:
Այսօր ես խոսեցի նախագահ Պուտինի հետ: Մենք առաջարկել ենք ռազմավարական կայունության և անվտանգության նոր տարրեր: Մենք չենք սպառնում Ռուսաստանին, մենք ուղիներ չենք փնտրում Ռուսաստանն ապակայունացնելու համար, Ռուսաստանը մեր թշնամին չէ, մենք երկարատև պատմական կապեր ունենք»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ առաջնորդը նաև շեշտել է, որ Ռուսական ներխուժումը կհանգեցնի սարսափելի հետևանքների. «Եթե Ռուսաստանն ընտրի պատերազմի ուղին, ապա կհետևի Արևմուտքի միասնական պատասխանը: Սա ավելին է, քան Ռուսաստանը և Ուկրաինան, սա աշխարհի ճակատագիրն է»,- նշել է նա: