Ուկրաինան միջազգային օգնություն է խնդրել ՆԱՏՕ-ից «տարաբնույթ» լայնածավալ արտակարգ իրավիճակների դեպքում, որոնք կարող են ազդել խաղաղ բնակչության վրա, ասվում է դաշինքի կայքում։

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնը (EADRCC) փետրվարի 15-ին ստացել է ուկրաինական կողմից միջազգային օգնության հարցում:

EADRCC-ը ՆԱՏՕ-ի քաղաքացիական արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնական մեխանիզմն է Եվրատլանտյան տարածաշրջանում: Կենտրոնը գործում է բնական և տեխնածին աղետների դեպքում ՆԱՏՕ-ի դաշնակիցների օգնության հարցումների և առաջարկների համակարգման, ինչպես նաև միջազգային օգնության տրամադրման համար:

ՆԱՏՕ-ն հրապարակել է նաև պահանջվող օգնության ամբողջական ցանկը։ Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինան դաշինքից պահանջել է բեռնատարներ, ամենագնացներ, պիկապ մեքենաներ, ականազերծման, վնասազերծման, ռադիոքիմիական հետախուզության հատուկ սարքավորումներ, նավակներ, հրշեջ տեխնիկա և այլն։