ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների շուրջ շարունակվում են փաստաբանների կողմից ծավալվող քննարկումները: Ֆեյսբուքյան Armenian Lawyers խմբում փաստաբան Կարեն Մեժլումյանը, անդրադառնալով թեմային, նշել է, որ ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը մյուս թեկնածուներին հրավիրել է Արմենիա Մարիոթ հյուրանոցի մեծ դահլիճում բանավեճի։

«Կարծում եմ՝ սա թեկնածուների համար լավ հնարավորություն է իրենց մոտեցումները ներկայացնել փաստաբանական համայնքին ու ավելի լայն հանրությանը։ Մեր գործընկեր Տիգրան Աթանեսյանը դա որակեց հյուրանոցային բանավեճ և հրաժարվեց մասնակցել։

Հիշեցնեմ, որ ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 2007թ. հենց նույն հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց ակտիվ քաղաքականություն իր վերադարձը, իսկ 2012թ. փաստաբաններս հենց նույն դահլիճում` մոտ 500 փաստաբանի և մի քանի տասնյակ լրագրողների ու հյուրերի մասնակցությամբ, հայտարարեցինք գործադուլի մասին։ Ոչ ոքի մտքով չէր անցել այդ միջոցառումներն անվանել հյուրանոցային վերադարձ կամ հյուրանոցային գործադուլ»,- ասվում է Կ.Մեժլումյանի գրառման մեջ: