«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ օրը, սատանա բռնելու գործընթացը ձախողած, իսկ պատերազմի դավաճաններին ուշացումով «հայտնաբերած» հայրենի ԱԱԾ-ն «մեծ շուքով» մտել է Չարենցավանի համայնքապետարան՝ «կոռուպցիա հայտնաբերելու»։ Ու ոչինչ չի հայտնաբերել։
Մեզ ասացին, որ ԱԱԾ-ի Չարենցավանի տարածքային բաժնի աշխատակիցներն ինչ-որ մեկի «նավոդկով» մտել են քաղաքապետարանի շենք ու հարցաքննության տարել համայնքապետարանի որոշ աշխատակիցների, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարին, լրատվական բաժնի օպերատորին եւ մի քանի այլ մանր ու միջին կալիբրի պաշտոնյաների։ Հիմնական խնդիրը, ըստ նախնական տեղեկության, եղել է այն, որ ինչ-որ մեկն իրենց «խաբար է տվել», թե լրատվական բաժնի օպերատորը կողքից ուրիշ գործ է անում կամ այլ շենքում է նստում՝ քաղաքապետարանում նստելու փոխարեն, ու քաղաքապետարանի գործերը, իբրեւ թե, չի կատարում։
Չնայած քաղաքապետարանի լրատվական բաժինը հաճախակի տեսանյութեր է հրապարակում քաղաքապետարանի աշխատանքից, որը հենց տվյալ օպերատորի աշխատանքի արդյունք է։ Այսինքն՝ քաղաքապետարանում չեն դժգոհում նրա աշխատանքից, փոխարենը դժգոհ են դրսից ինչ-որ մարդիկ, որոնք էլ որոշել են «դանոս գրել» ԱԱԾ-ին, որ գան ստուգեն ու դարի չարաշահումը հայտնաբերեն։
Նույնկերպ պատերազմից հետո իրավապահ մարմինները Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանի տունն ու ամառանոցն էին մտել՝ «տուշոնկա շոու» բեմադրելու եւ արցախցիներին հատկացված օգնությունների յուրացում հայտնաբերելու ակնկալիքով, բայց վերջում պարզել էին, որ մի բան էլ Մուրադյանն ինքն է տեղահանված արցախցիներին իր հաշվին կացարանով ու սննդով ապահովել, եւ մոտ մեկ տարի գործը քննելուց ու ոչ մի հանցակազմ չգտնելուց հետո ստիպված եղան գործը կարճել։
Հիմա, կարծես թե, նույն պատմությունն է կրկնվում արդեն ամբողջ քաղաքապետարանի ու, ըստ երեւույթին, նաեւ քաղաքապետի դեմ։ Քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ մի քանի օր է՝ գտնվում է արձակուրդում, երկրից բացակայում է , ուստի ԱԱԾ ստուգումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք վերջերս ՔՊ-ի կողմից քաղաքապետի տեղակալ նշանակված, նախկինում փաստաբան աշխատած Հարություն Ղազանչյանի հետ։
«Ճիշտն ասած՝ էս պահին կոնկրետ ինչ-որ բան չկա, դրա համար չեմ ուզում հիմա որեւէ բան հրապարակենք, բայց առանձնապես բան չկա էլ, ընդհանրական հարցեր են եղել, որի համար կանչել են, կարծում եմ՝ ինչ-որ դիմում-բողոք է եղել, դրա հիման վրա է եղել»,-ասաց պարոն Ղազանչյանը։
Քաղաքապետարանի ներսի՞ց է եղել այդ բողոքը։
Այ, դա չեմ կարող ասել, որովհետեւ ես էդպես եմ մտածում, որովհետեւ ինչ-որ մի բանի հիման վրա պիտի գային։
Իսկ գործ կա՞ հարուցված։
Չէ, հենց դա է՝ չկա, դրա համար չեմ ուզում ինչ-որ բան ասել։ Քանի որ չկա էս պահին հստակ ինչ-որ բան, այսինքն՝ իրենց կողմից որոշում չունենք ստացած, դրա համար չեմ կարող Ձեզ 100 տոկոս ասել՝ ինչ-որ բան կա։ Կարող է տեսնեն՝ որեւէ բան չկա, ոչ էլ հարուցեն գործ։
Ինչ-որ ուղղորդված բան տեսնո՞ւմ եք այստեղ քաղաքապետի կամ քաղաքապետարանի դեմ՝ առհասարակ։
Չէ, չեմ կարծում՝ տենց ինչ-որ ուղղորդված բան լինի։
Պարզապես տեւական ժամանակ այդպիսի դրսեւորումների ականատես լինում էինք, հաշվի առնելով, որ քաղաքապետն էլ ՔՊական չէ, գուցե նաեւ դրանով է պայմանավորված։
Չեմ կարծում, որ դրանով պայմանավորված լինի, որովհետեւ, եթե լիներ, էն ժամանակ կլիներ, էլի։
Դե, էն ժամանակ էլ է եղել, էլի փորձել են, ուղղակի բան չեն գտել։
Չէ, ուղղակի որոշակի ֆեյսբուքյան գրառումների հիման վրա է եղել, որ միշտ գրել են՝ Ծատուրյանը, Անահիտը (խոսքը Տիգրան Ծատուրյանի եւ Անահիտ Խեչոյանի մասին է, որոնք պարբերաբար Ֆեյսբուքում ինչ-որ գրառումներ են կատարում քաղաքապետարանի դեմ՝ խմբ․), մի քանի բան որ գրել էին, էդ մասով է, էլի, հիմնականում եղել։ Ուղղակի հիմա չեմ ուզում ինչ-որ բան ասել, քանի որ էս պահի դրությամբ ոչ մի վարույթ չկա։
Իսկ Ձեզ հետ կապված խնդիրներ կա՞ն՝ որպես փոխքաղաքապետ, թե՞ հաշվի առնելով, որ Դուք ՔՊ-ից եք, Ձեզ ավելի ապահով եք զգում։
Չէ, գիտե՞ք ինչ, էդպես միանշանակ ասել չի կարելի, որովհետեւ, եթե ինչ-որ բան կա, եթե պաշտոնապես հստակ լինի, մենք կիմանանք, էլի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում