«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկն այսօր` փետրվարի 17-ին, հաստատվել է Կառավարության նիստում։
Ըստ նախագծի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:
Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ զոհված զինծառայողների ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։