Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն է եւ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում։

Հայաստանի դեմ Արցախում պատերազմի ժամանակ Պուտինը հիշել էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դժբախտությունները, «դաժան հանցագործությունները հայ ժողովրդի դեմ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում»։ Ճիշտ է, նա ցեղասպանություն բառը չէր ասել, եւ այդ դժբախտությունն էլ ներկայացրել էր հայերի՝ իրավունքների չունենալու լույսի տակ։

Հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նա փորձում էր «ծածկվել» հայերի դժբախտությունների քողով՝ պատերազմի համար ՌԴ պատասխանատվությունը մաքրելու, ռուս-թուրքական 100-ամյա սխեմայով փրկիչ ներկայանալու եւ Արցախ զորք մտցնելու համար՝ Հայաստանի մասնատման ու պետականության վերացման թուրքերի հետ իր ծրագրերի համատեքստում։

Դոնբասում «ցեղասպանության» հիշատակումը փորձագետները կապում են Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման եւ զորք մտցնելու մտադրության հետ։ Բայց որպեսզի լինի ցեղասպանություն, պետք է «կազմակերպել» այն։ Դոնբասում իսկապես եղել են ցեղասպան գործողություններ, բայց ո՞վ է նախաձեռնել ու գործարկել կանաչ մարդուկների, հատուկ ստորաբաժանումների, զինված սադրանքների ու հարձակումների ողջ սխեման, որին զոհ է գնացել 13-15 հազար Ուկրաինայի քաղաքացի։

Ռուսաստանի համար այստեղ բարդությունն այն է, որ արանքում թուրք չկա, ինչպես Հայաստանի պարագայում, որտեղ բացի թուրքից կան ռուսահպատակ նախկին նախագահներ, խորհրդարան, կառավարություն, զլմ-ներ-փորձագետների ու ագենտուրայի էշելոններ, որոնք քարոզում են ռուսական փրկչությունը։ Եվ գուցե պատահական չէ, որ թուրքերն Ուկրաինայի հարցում օգնության են շտապել Կրեմլին՝ առաջարկելով իրենց միջնորդությունը, բայց արդեն՝ այլ դերում։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/02/17/699070/