ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է սառը պատերազմից ի վեր Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրա խոսքով, եվրոպական անվտանգության համար ստեղծված բարդ իրավիճակը կապված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ։

«Կասկած չկա, որ մենք այժմ ականատես ենք Եվրոպայում սառը պատերազմի ավարտից ի վեր ռազմական ուժերի ամենամեծ կենտրոնացմանը», – ասել է Ստոլտենբերգը։ Նաև հավելել է, որ այժմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի նշաններ չկան, ընդհակառակը, կա ռուսական զորքերի թվի աճ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ի վիճակի է հարձակվել առանց նախազգուշացման։

Ավելի վաղ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել անհապաղ դեէսկալացնել իրավիճակն Ուկրաինայի շուրջ։

Դոնբասում իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին։ Կիևը և չճանաչված հանրապետությունները միմյանց մեղադրում են զինադադարի կրկնակի խախտման և բնակավայրերի գնդակոծման մեջ։

Հաշվի առնելով սրացումը Դոնբասում՝ ՆԱՏՕ-ում որոշել են բարձրացնել զինվորականների պատրաստվածության մակարդակը։ Այս մասին հայտնում են Գերմանիայի ՊՆ-ի և գերմանական Dpa լրատվական գործակալության աղբյուրները։