Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որով Ոստիկանությանը կոչ է անում ապահովել փակ շուկայի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի մասնակիցների անվտանգությունը և տեղեկացնում, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ակցիայի ժամանակ սադրիչները ծեծի են ենթարկել անչափահասի։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։

Երեկ` սեպտեմբերի 1-ին, փակ շուկայի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ սադրիչները հարձակվել և ծեծի են ենթարկել անչափահասի:

Ոստիկանությունից պահանջում ենք գործել օրենքի շրջանակներում և ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը:
Հայտնում ենք, որ մեր ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ, և նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որևէ կապ չունեն:
Նախաձեռնության պահանջները հստակ են`


1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել
պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.

- ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,

- հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:


2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:


3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով
սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:


Հետամուտ ենք լինելու մինչև մեր օրինական պահանջների լիիրավ բավարարումը:


Նախախորհրդարանի քարտուղարություն