Ալիեւի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Կրեմլի կայքի՝ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնումը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ քայլերը, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին։


Ալիեւի հետ Պուտինի հանդիպման վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում են եռակողմ պայմանավորվածությունները, միաժամանակ նշվում է, որ «բանակցությունների արդյունքներով դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի»։

 

Կրեմլի այս հաղորդագրությունները տարածվեցին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու Պուտինի որոշմանը զուգահեռ։ Ավելի վաղ Ալիեւը մեկնել էր Կիեւ եւ հայտարարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Միեւնույն ժամանակ, Կրեմլին մերձ փորձագետները նշեցին, որ Ալիեւը Պուտինի գիտությամբ է մեկնել Կիեւ՝ ինչ որ ուղերձ փոխանցելու։ Կիեւ այցից հետո Ալիեւն անմիջապես զանգել էր Պուտինին։

Ռուսաստանի հոգեզավակ «Ադրբեջանը» լեգիտիմացնելու գործընթացում, Ուկրաինական թնջուկում Պուտինն այսպիսով նաեւ քաղաքական կշիռ է հաղորդում Ալիեւին՝ «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացնելու» լույսի ներքո, որի երաշխիքը Հայաստանի դեմ «եռակողմ» պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է։ Ալիեւի այցից առաջ Պուտինը դա կրկին հիշեցնում է Փաշինյանին՝ ընդգծելով Մոսկվա-Բաքու տանդեմին նրա ենթակա կարգավիճակը։


Թեեւ, հիշեցնելու կարիք չկա, որովհետեւ Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց ի վեր ստանձնել են Մոսկվայի ու Բաքվի շահերի փաստաբանի ու սպասարկուի դերը եւ ամենօրյա ռեժիմով հավաստիացումներ են հղում Բաքվին։ Հենց այսօր ՔՊ-ն հրաժարվեց դատապարտել Բաքվի ու Անկարայի վավերացրած այսպես կոչված Շուշիի հռչակագիրը՝ դա բացատրելով Բաքվին չբարկացնելու եւ «խաղաղության դարաշրջանը» վտանգի տակ չդնելու մղումով։ Փաշինյանի ու ՀՀ ԱԳՆ-ի՝ նույնիսկ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձները հավաստիացումներ են Բաքվին։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/02/21/699888/