Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
«Հանգամանքները ստիպում են մեզնից վճռական եւ անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Դրա հետ կապված, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի եւ ի կատարումն Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրերի, ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցնացնելու մասին»,-ասելէ Պուտինը հեռուստաուղերձում:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի պլաններում Ուկրաինայի օկուպացիայի հարցը չկա, սակայն մոսկվան ձգտելու է նրա դեմիլիտարիզացիային:
«Հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիեւի ռեժիմի կողմից, եւ դրա համար մենք ձգտելու ենք Ուկրաինայի դեմիլիտարիզացիային եւ դենացիֆիկացիային, ինչպես նաեւ դատարանին հանձնելու նրանց, որոնք իրականացրել են բազմաթիվ արյունալի հանցագործություններ խաղաղ բնակիչների նկատմամբ, այդ թվում ՌԴ քաղաքացիների»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով, Ռուսաստանի բախումը Ուկրաինայում ազգայնական ուժերի հետ անխուսափելի է. «Դա միայն ժամանակի հարց է: Նրանք պատրաստվում են եւ սպասում հարմար ժամի: Հիմա էլ հավակնում են ունենալ միջուկային զենք: Մենք թույլ չենք տա նրանց դա անել»,-ասել է Պուտինը:
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյություն ունենալ Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի տակ, նկատելով, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրիանայի յուրացումը: