Գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված էր հարկադրական միջոցներ ձեռնարկել, քանի որ այլ միջոցներով հնարավոր չէր արձագանքել իրավիճակին Դոնբասում, գրում է Vesti.Ru-ն։
Խոսքը Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական օպերացիայի մասին է։

«Այն, ինչ տեղի է ունենում, հարկադրական միջոց է։ Մեզ այլ կերպ վարվելու հնարավորություն չթողեցին։ Անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր ստեղծեցին, որ հնարավոր չէր այլ միջոցներով արձագանքել»,- ասել է պետության ղեկավարը։ Նրա հանդիպումը ռուսական խոշորագույն ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հեռարձակվում է «Ռոսիա 24» հեռուստաալիքով եւ «Սմոտրիմ» մեդիա հարթակով։


«Սա հարկադրական միջոց է, քանի որ նրանք կարող էին այնպիսի ռիսկեր ստեղծել մեզ համար, որ պարզ չէ, թե մեր երկիրն ինչպես կգոյատեւեր»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է համաշխարհային տնտեսության մաս մնալ:

«Ռուսաստանը շարունակում է համաշխարհային տնտեսության մաս մնալ, եւ այս կապակցությամբ այնքանով, որքանով այն շարունակում է մաս մնալ, մենք չենք պատրաստվում վնաս հասցնել այն համակարգին, որում մենք ինքներս մեզ մի մաս ենք զգում,- ասել է ՌԴ նախագահը:- Մենք չենք պատրաստվում վնասել համաշխարհային տնտեսական համակարգին, որում ինքներս ենք գտնվում»,- հավելել է նա։

Նա շեշտել է, որ ՌԴ իշխանությունները պատժամիջոցային քաղաքականության մասով պատրաստվում էին տեղի ունեցողին։ «Իհարկե, մենք բոլորս, եւ դուք նույնպես, հասկանում ենք, թե ինչ աշխարհում ենք ապրում, եւ այսպես թե այնպես պատրաստվել ենք նրան, ինչ հիմա կատարվում է սահմանափակումների եւ պատժամիջոցների քաղաքականության առումով»,- ասել է նա: Պուտինն ընդգծել է, որ Արեւմուտքում Ռուսաստանի գործընկերները «պետք է հասկանան եւ իրենց առջեւ խնդիր չդնեն՝ մեզ դուրս մղել այս համակարգից»։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ղեկավարը վստահ է, որ «այդ սահմանափակումները կլինեն»։