ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիային պատասխանի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն սառեցնում է ռուսական չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի 1 տրիլիոն դոլարի ամերիկյան ակտիվները։ Նոր սահմանափակումները տարածվել են նաեւ ռուսական էլիտայի ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ն ու դաշնակիցները պատրաստ են 50 տոկոսով սահմանափակել ռուսական տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը, գրում է «Կոմերսանտը»

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ռուսական բանկերի դեմ, որոնք միասին մոտ 1 տրիլիոն դոլար են վերահսկում։ Մենք կկտրենք ռուսական խոշորագույն բանկը, որին պատկանում է ռուսական բանկային ակտիվների ավելի քան մեկ երրորդը, ամերիկյան ֆինանսական համակարգից»,- ասել է Բայդենը ելույթի ժամանակ։


ԱՄՆ պատժամիջոցները կազդեն ռուսական պետական ​​ընկերությունների բոնդերի վրա։ ԱՄՆ-ն եւ գործընկերները նաեւ սահմանափակումներ են մտցնելու Ռուսաստանի՝ դոլարով, եվրոյով եւ իենով բիզնես անելու հնարավորության վրա։

«Մենք կկանգնեցնենք ռուսական բանակի ֆինանսավորման եւ զարգացման հնարավորությունները»,- հավելել է Ջո Բայդենը։ Միաժամանակ պարոն Բայդենը հայտնել է, որ արեւմտյան երկրները դեռ չեն նախատեսում անջատել Ռուսաստան-ը SWIFT միջազգային վճարային համակարգից։

Սահմանափակումները կազդեն նաեւ ռուսական տիեզերական ծրագրի վրա։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ Սերգեյ Իվանովի որդիների, «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի, ինչպես նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի նկատմամբ։ Այս մասին ասվում է ֆինանսական գերատեսչության՝ հինգշաբթի տարածված գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում ասվում է, որ պատժամիջոցների ենթարկված ռուսական վերնախավի անդամները «իրենց ընտանիքի անդամներին օգտագործել են ակտիվների տեղափոխման եւ իրենց ունեցվածքը թաքցնելու համար»: