Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հրամայել է զսպման ուժերը, այսինքն նաեւ միջուկային զենքը, մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերել։ Պուտինը պատճառաբանել է, որ ՆԱՏՕ-ի ամենաբարձր օղակները ագրեսիվ հայտարարություններ են անում Ռուսաստանի հասցեին։


Թե Ուկրաինա ներխուժման, թե միջուկային սպառազինության վերաբերյալ Պուտինի «հիմնավորումները» հեռու են այն իրականությունից, որը կա։ Ռուսական իսթեբլիշմենտն արդեն վախվորած խոսում է այն մասին, որ Պուտինն ապրում է իր իրականության մեջ՝ վեհության, հրթիռների, պատմական արդարության յուրահատուկ պատկերացումներով, ինչն այլ կերպ անվանվում է շիզոֆրենիա։

 

Շատ է խոսվում այն մասին, որ Պուտինը ցանկանում էր պատմության մեջ մնալ որպես ռուսական հողերի միավորող, մեծն խաղաղարար, պատմական արդարություն հաստատող, համաշխարհային նոր կարգի արարիչ, այդ դերում հեռանալով եւ իր հաջորդին փոխանցելով «ծնկած տեղից վեր բարձրացած Ռուսաստան» եւ վայելելով կյանքը։ Փոխարենը նա մնալու է արյան, մառազմի, անկման խորհրդանիշ, եւ նրա ներկայիս ջղագրգիռ քայլերն ու հայտարարությունները դրա վկայությունն են։

Միեւնույն ժամանակ, նրա ձեռքին են միջուկային պոտենցիալը եւ այն մարդիկ, որոնց դեմքը նա աշխարհին հատուկ ցուցադրեց Ուկրաինա ներխուժմանը նվիրված ԱԽ նիստին։ Այդ մարդիկ սնում են Պուտինի պատրանքներն ու պատրաստ են կատարել նրա բոլոր ցանկությունները։

Ուկրաինա ներխուժման պատասխանը դարձավ Ռուսաստանի իզգոյացման գործընթացի մեկնարկը լայնածավալ պատժամիջոցների, արգահատանքի ու մերժման տեսքով։ Պուտինի պահանջները մերժվեցին, եւ նա Արեւմուտքին վերջնագրի շրջանակում գործի է դրել վերջին խաղաթուղթը՝ միջուկային սպառնալիքը։ Կասկած չկա, որ Պուտինը գնալու է մինչեւ վերջ՝ իր խորտակվող պատրանքների վրեժը լուծելու համար։


Ո՞վ է բռնելու չարագործի ձեռքը։ Այս հարցը նախեւառաջ ուղղված է ռուս հանրությանը եւ վերնախավերին, եթե իհարկե մնացել են գործողության ընդունակ եւ անկող Ռուսաստանի ճակատագիրն ընկալող շրջանակներ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/02/27/701265/