Ռուսաստանն ակնկալում է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրան այլընտրանք չկա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձով ելույթ ունենալով Ժնևում զինաթափման համաժողովում։
«Ջանքերը շարունակվում են՝ վերականգնելու Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) ամբողջական կատարումը՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Մենք հուսով ենք, որ դրանք հաջողության կհասնեն: JCPOA-ին խելամիտ այլընտրանք չկա։ Միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, որոնք ամրապնդվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով, պետք է խստորեն պահպանվեն բոլորի կողմից՝ առանց վերապահումների»,- ասել է Լավրովը: