Կոշտ հռետորաբանությունն ուկրաինական ճգնաժամի շուրջ մտավախություն է առաջացրել առ այն, թե ինչ տեղի կունենա, եթե միջուկային զենք օգտագործվի Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում: Այս կապակցությամբ Independent-ը որոշել է հիշեցնել ամենամեծ միջուկային զինանոց ունեցող երկրների մասին:
1. Ռուսաստան
Ճշգրիտ թվերի գնահատականները տարբեր են, սակայն համարվում է, որ աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցն ունի Ռուսաստանը: Ստոկհոլմի Խաղաղության ինստիտուտի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի դրությամբ Ռուսաստանն ունի 6255 միջուկային զենք։ Միջուկային զենքի տարածմանը հետւեող այլ կազմակերպություններ ընդհանուր թիվը 5977-ից մինչեւ 6257 են գնահատում: Ամեն դեպքում, դա ավելի մեծ պաշար է, քան ԱՄՆ-ում, եւ ավելի մեծ, քան ցուցակի հաջորդ յոթ երկրները միասին վերցրած:
Ընթացիկ ցուցանիշն ապամոնտաժման սպասող 1760 մարտագլխիկ է ներառում:
Չնայած տագնապալի թվին՝ Ռուսաստանի միջուկային զենքը զգալիորեն կրճատվել է այն բանից հետո, երբ 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկիրը 35000 միավոր զենք ժառանգեց:
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիր են ստորագրել ե, որը սպառազինությունների վերահսկման պայմանագիր է եւ ուժի մեջ է 2011 թվականի փետրվարի 5-ից։
Պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների եւ ռումբերի թիվը մինչեւ 1550: Ռուսաստանն իր միջուկային զենքը հարձակման համար երբեք չի օգտագործել, բայց իր առաջին միջուկային ռումբը փորձարկել է Ղազախստանի հեռավոր շրջանում 1949 թվականին:
2.ԱՄՆ
ԱՄՆ-ն ունի մոտ 5500 միջուկային զենք, որից 1800-ը «տեղակայված» է, այսինքն՝ տեղադրված է հրթիռների վրա կամ օպերատիվ ուժային բազաներում։
Մինչ օրս Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը երբեւէ ատոմային ռումբ է օգտագործել պատերազմի ժամանակ: 1945 թվականի օգոստոսի 6-ին Ճապոնիայի Հիրոսիմայի վրա ուրանի ռումբ պայթեցվեց, որի հետեւանքով զոհվեց մոտ 140 հազար մարդ: Երեք օր անց նրանք երկրորդ ռումբը նետեցին Նագասակիի վրա, որի հետեւանքով զոհվեց եւս 74000 մարդ:
3. Չինաստան
ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հետո յուրաքանչյուր երկրի միջուկային զենքի քանակը կտրուկ նվազում է։
Ցուցակի երրորդ տեղում Չինաստանն է՝ 350 միավորով, ինչն ընդհանուրի մեկ տասներորդից պակաս է կազմում:
Երկիրն առաջին անգամ միջուկային զենք է մշակել Սառը պատերազմի ժամանակ եւ ակնկալվում է, որ կշարունակի ընդլայնել իր միջուկային զինանոցը՝ 2020 թվականից ավելացնելով եւս 30-ով:
Անցյալ նոյեմբերին Պենտագոնի զեկույցում ասվում էր, որ Չինաստանի միջուկային ուժերն շատ ավելի արագ տեմպերով են ընդլայնվում, քան ԱՄՆ-ն կանխատեսել էր մեկ տարի առաջ:
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Պեկինը մինչեւ 2030 թվականը կարող է ավելի քան 1000 միավոր զենք ունենալ:
4.Ֆրանսիա
Միջուկային զենքերի քանակով Ֆրանսիան զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 290 միավոր՝ ամենաբարձր թիվը Արեւմտյան Եվրոպայում։ Երկիրն առաջին անգամ փորձարկել է միջուկային հարվածի հնարավորությունը 1960 թվականին։ Ֆրանսիան պնդում է, որ «խիստ բավարարության» քաղաքականություն է վարում՝ ռազմավարական տեսանկյունից իր միջուկային զինանոցը պահելով «հնարավոր ամենացածր մակարդակի վրա»։
5.Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիան մոտ 225 միջուկային զենք ունի եւ սկսել է իր միջուկային ծրագրի ստեղծումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նրա ծովային տեղակայման զենքերը՝ բալիստիկ հրթիռները, տեղակայված են ԱՄՆ-ից գնված Trident սուզանավերի վրա։
Trident-ը շահագործվում է Թագավորական նավատորմի կողմից եւ բաղկացած է չորս սուզանավից, որոնք տեղակայված են Շոտլանդիայի HMNB Clyde-ում:
Մինչ օրս երկիրը միջուկային զենքի 45 փորձարկում է իրականացրել, վերջինը՝ 1991թ.
6. Պակիստան
2021 թվականի դրությամբ Պակիստանը 165 միավոր միջուկային զենք ունի եւ նախատեսում է ավելին ստեղծել: Հնդկաստանի հետ երկրի լարված հարաբերությունները մեծապես ազդում են միջուկային զենքի արտադրության տեմպերի վրա։ Պակիստանն առաջին անգամ սկսեց միջուկային զենքի փորձարկումները 1988 թվականին՝ պատճառաբանելով ազգային անվտանգության մտահոգությունները:
7.Հնդկաստան
156 միջուկային զենք ունեցող Հնդկաստանը երկար ժամանակ ներգրավված է Պակիստանի հետ սպառազինությունների մրցավազքում:
Սակայն Չինաստանի հետ հարաբերությունների վերջին սրացումը բարդացնում է միջուկային զենքի արտադրությունը։
Այսպիսով, Հնդկաստանի՝ իր միջուկային զենքի արդիականացմանն ուղղված ցանկացած քայլ Պակիստանի կողմից որպես սպառնալիք կդիտվի՝ հետագա միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելով:
8.Իսրայել
Ենթադրվում է, որ Իսրայելն 90 միավորր միջուկային զենք ունի, թեեւ նա միջուկային ծրագրի գոյությունը պաշտոնապես երբեք չի հաստատել: Թեև ենթադրվում է, որ այդպիսի զենք եղել է 1960-ականներից ի վեր, երկիրը երբեք չի ցուցադրել իր միջուկային կարողությունը փորձարկումների միջոցով, ի տարբերություն ցուցակի մյուս երկրների:
9. Հյուսիսային Կորեա
Ենթադրվում է, որ ցուցակում ամենաքիչ քանակությամբ միջուկային զենքն ունի Հյուսիսային Կորեան՝ 50: Երկիրը համաձայնել է միջուկային եւ հեռահար հրթիռների փորձարկումների մորատորիումին 2018 թվականին, սակայն վերսկսել է հեռահար հրթիռների փորձարկումները 2020 թվականին։
Առաջնորդ Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ Հյուսիսային Կորեան հաճախակի հրթիռային փորձարկումներ է իրականացրել Ճապոնական ծովի վրա՝ այդպիսով հարձակման մտավախություն առաջացնելով:
Կիմը խոստացել է ընդլայնել ինչպես իր երկրի ռազմական, այնպես էլ միջուկային զինանոցը։
2017 թվականին Հյուսիսային Կորեան իրականացրել է մինչ օրս ամենահզոր 100–370 կիլոտոննա հզորությամբ միջուկային փորձարկումը։
Համեմատության համար նշենք, որ Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը մոտ 15 կիլոտոննա էր։