Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զինուժի անձնակազմի կորուստները կազմում են մոտ 9000 մարդ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 9000 ռուս է սպանվել»,- ասել է նա։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի ցանկանում ծածկվել զինվորների դիակներով։

«Ամբողջ բանակով վերադարձեք տուն, ձեր հրամանատարներին ասեք, որ ուզում եք ապրել, չեք ուզում մեռնել»,- դիմել է նա ռուս զինվորներին:

Մինչդեռ նախօրեին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ժամանակ, ռուսական կողմի տվյալներով, զոհվել է 2870 ուկրաինացի զինծառայող, վիրավորները մոտ 3700-ն են: Հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային կառույցներից գերի ընկած զինծառայողները 572-ն են։

«Ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող, 1597-ը վիրավորվել է»,- հայտնել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։