ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևի քվեարկության արդյունքները, որոնք դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
«ՄԱԿ-ի այս արտասովոր քայլը ցույց է տալիս գլոբալ վրդովմունքի չափը ինքնիշխան հարևանի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակման կապակցությամբ և ցույց է տալիս աննախադեպ համաշխարհային միասնություն»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ: «Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց Պուտինի մեկուսացումը»,- շարունակեց նա։ Ըստ Բայդենի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակվել է ոչ միայն Ուկրաինայի, այլև համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերի վրա, ինչպես նաև այն ամենի վրա, ինչը պաշտպանում է ՄԱԿ-ը։ «Մենք մեր աչքերով տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։ «Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում մարդու իրավունքների կործանարար խախտումների և միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որին մենք հետևում ենք իրական ժամանակում»։ «Միասին մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք իր գործողությունների համար», - եզրափակել է Բայդենը՝ անդրադառնալով ՄԱԿ-ին։
«Մենք ցույց կտանք, որ ազատությունը միշտ հաղթում է բռնակալությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: