ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կապուղի են ստեղծել, որով երկու կողմերը կարող են տեղեկացնել միմյանց ցանկացած հնարավոր գործողության մասին, որոնք կարող են տեղի ունենալ անմիջականորեն Ուկրաինայի մոտ, խուսափելու համար ցանկացած հնարավոր վրիպումից, տեղեկացրել է CNN-ը։
«Պենտագոնը վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ միասին կապի գիծ է ստեղծել՝ վրիպումների, ռազմական միջադեպերի եւ թեժացման կանխման նպատակով»,- ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությունում։ «Միացյալ Նահանգները նման մի շարք կապուղիներ ունի՝ ռուսների հետ քննարկելու համար անվտանգության կարեւորագույն հարցերը չնախատեսված հանգամանքների կամ արտակարգ իրավիճակի դեպքերում»։
Կապուղով հեռախոսահամարներ են փոխանցվում երկու կողմերի միջեւ՝ արագ հասանելիության ապահովման նպատակով։ Ամերիկյան կողմը կառավարվելու է Շտուտգարդտում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության օպերատիվ կենտրոնից, ռուսական կողմը, իչպես ակնկալվում է, կոորդինացվելու է Մոսկվայից, պաշտպանության նախարարությունից, ասել է պաշտպանության նախարարության երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան։
Հատկապես հատկանշական է համաձայնության ամփոփիչ հատվածը, քանի որ մինչ այժմ Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում էին, թե ներխուժման պահից իրենք ոչ մի ուղիղ շփում ռուս գործընկերների հետ չեն ունեցել։
Անցած ամսվա վերջից կապուղի հաստատելու փորձեր են արվել։ Վերջին անգամ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ խոսել է փետրվարի 18-ին։ Նրանք նաեւ զրուցել են մեկ շաբաթ առաջ։ Շտաբների միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին վերջին անգամ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ խոսել է փետրվարի 11-ին։
ԱՄՆ-ը մերժել է Ուկրաինայի օդային տարածքում անթռիչք գոտի մտցնելու գաղափարը՝ հայտարարելով, որ ամերիկացի օդաչուները կներգրավվեն մարտական սցենարներին՝ ապահովելու համար այդպիսի պլանի կատարումը։ Բայց ապագա օդային հումանիտար միջանցքի դուռը, որը երաշխավորում է հումանիտար օգնության անվտանգ թռիչքներ, դեռեւս չի փակված, ասում են պաշտոնատար անձինք։