ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը քրեականացնում է Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ լուրերը և հակառուսական պատժամիջոցներ կիրառելու կոչերը. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, համապատասխան փաստաթուղթը «սահմանում է քրեական պատասխանատվություն վստահելի հաղորդագրությունների քողի տակ գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածման համար»։

Փաստաթուղթը նախատեսում է պատասխանատվության 700 հազարից մինչև 1,5 միլիոն ռուբլի տուգանքի տեսքով կամ երեք տարվա ազատազրկում Ռուսաստանի զինված ուժերի մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ տարածելու համար։ Միաժամանակ, եթե այդ խախտումը կատարվի՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կամ մի խումբ անձանց կողմից՝ ապացույցների արհեստական ստեղծմամբ, ապա պատիժը կկազմի 5-ից 10 տարի ազատազրկում։ Բացի այդ, կեղծիքների տարածումը, որը հանգեցրել է ծանր հետևանքների, կարող է հանգեցնել 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկման։

Համաձայն այս օրենքի՝ այն անձինք, ովքեր կոչ են անում օտարերկրյա պետության, պետական միավորման, պետական կամ միջպետական հաստատության կողմից կիրառել «սահմանափակող միջոցներ»՝ Ռուսաստանի, նրա քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դեմ «քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցների ներդրման կամ երկարաձգման» տեսքով, նույպես ենթակա են քրեական պատասխանատվության։