Քաղաքացիական շարժումները կապված են այս կամ այն կոնկրետ խնդրի հետ, այլ ոչ թե ամբողջ քաղաքական դաշտի: Դա քաղաքական պայքարի շրջանակներից դուրս է, իսկ բողոքել կարող են բոլորը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վերջերս տեղի ունեցող քաղաքացիական տարբեր շարժումներին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ինչը, որ քաղաքացիական ակցիա է, մի վերագրեք կուսակցությունների, եթե պահանջ կա, պետք է քննարկվի», - նշեց նա:
Անդրադառնալով ազատամարտիկների պայքարին, ուսման վարձերի բողոքին և «Փակ շուկայի» խնդրին, նա նշեց, որ այդ ամենը հիմնականում տեղի է ունենում միայն Երևան քաղաքում: «Մեկը թատրոն է խաղում, մյուսը ռոք է պարում: Դա ակցիաներ են, շատ լավ է, որ բողոքում են», - նշեց նա:
Լրագրողները հարցրեցին Գ. Սահակյանից վերջինիս կարծիքը ակցիաների մասին, սակայն նա չցանկացավ իր կարծիքը հայտնել, նշելով,որ պատահական մարդ չէ, որ պոպուլիստական ձևակերպումներ տա:
Խոսելով արդեն «Փակ շուկայի» մասին, խմբակցության ղեկավարը նշեց, որ այն, ինչ օրենքի շրջանակներից դուրս է արվում, պետք է պատժվի` անկախ նրանից, թե ով է իրականացնողը: «Իրավական առումով Սամվել Ալեքսանյանը պատասխանատու չէ Փակ շուկայում կատարվող շինարարության համար: Նա ընդամենը բաժնետեր է», - պարզաբանեց նա, հավելելով. «Նրան բանտարկեք, թող այդքան մարդիկ առանց աշխատանք մնան»: Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյոք նրան բանտարկելու հիմքեր կա, նա պատասխանեց ոչ: