Երեւանում, մարտի 7-ին, կրակոցներ են հնչել. ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։ Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերը։