Բաքուն ընդլայնում է ագրեսիան Արցախի դեմ, կիրառում է ականանետեր եւ հայերից պահանջում լքել գյուղերը։ Բաքուն անջատել է նաեւ Արցախի գազամատակարարումը։ Սա այսպես կոչված եռակողմ հայտարարության խախտում է, փաստացի չեղարկում։
Հայաստանում այս կապակցությամբ գործի է դրվել Ռուսաստանի հերթական փաստաբանությունը․ «Ռուսաստանի գլուխը խառն է, միջազգային հանրության գլուխը նույնպես, եւ Բաքուն փորձում է օգտվել առիթից։ Բաքուն իր գործողություններով խաղում է ՌԴ հեղինակության հետ, ՌԴ խաղաղապահների հեղինակության հետ, թիկունքից նրան հարված է հասցնում», եւ այլ հիմարություններ։ Տպավորություն է, որ հայ պաշտոնյաներին, ռուսանպաստ մամուլին ու փորձագետներին հետաքրքիր է միմիայն ռուսների հեղինակությունը։
Այս շրջանակներն ավելի հեռու են գնում՝ «Թուրքիան ու «Ադրբեջանը» հակառուսական դիրքորոշում ունեն Ուկրաինայի հարցում»։ Թերեւս նաեւ այն թաքուն հույսով, որ Ռուսաստանը դրա համար կպատժի թուրքերին։ Իսկ ա՞յն, որ Թուրքիան նեղուցներով ապահովել է ռուսական ռազմանավերի մուտքը Սեւ ծով։ Կամ այն, որ Բաքուն Մոսկվայի խնդրանքով մերձավորարեւելյան ահաբեկիչներին եւ վարձկաններին, որոնք Արցախում պատերազմից հետո մնացել էին օկուպացված տարածքներում, իր օդանավերով տեղափոխում է ՌԴ տրամադրության տակ՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար։
Իսկ գուցե Բաքվի այս նոր ագրեսիան Մոսկվայի հետ այդ համաձայնության «արձագա՞նքն է»։ Իսկ Ուկրաինա ներխուժելու շեմին Մոսկվայի ու Բաքվի միջեւ ռազմավարական փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրո՞ւմը, որը նախատեսում է նաեւ ռազմական փոխգործակցություն։
Իրենց հերթին, ՀՀ վարչապետ ու նախագահ աշխատող պաշտոնյաները երեկ փաստացի կանաչ լույս վառեցին Բաքվի գործողությունների համար, երաշխիքներ տալով, որ անշեղ գնում են «խաղաղության դարաշրջան»։ Երեւանում ու Ստեփանակերտում Ռուսաստանի ուկրաինական արշավի աջակցության ցույցերն էլ՝ վրադիր։
Հայաստանում ռուսանպաստ շրջանակները, հանրության զգալի մասը տրտնջում են, թե ինչու է ամբողջ աշխարհը օգնում Ուկրաինային, սակայն մեզ չօգնեցին պատերազմի ժամանակ, մոռանալով, որ հայերը արդեն իսկ նշանակել են իրենց փրկչին ու օգնողին՝ Ռուսաստանին։ Դե նա էլ «փրկում է» ինչքան սիրտն ուզի՝ համոզված, որ հայերին միայն նրա հեղինակությունն է հետաքրքիր, դրա համար իրենց կյանքն ու հայրենիքն էլ կտան ու մի բան էլ երախտապարտ կմնան։
Դա է քաղաքականության, իրադարձությունների պատճառահետեւանքային կապի մասին պատկերացումների սահմանը։ Ինքնիշխանության, քաղաքական դերակատարության ու պահանջների, պետություն կոչվելու եւ անվտանգություն ստեղծելու մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։