Ուրաինա-Ռուսաստան բանակցություններում առաջնթացի եւ հնարավոր համաձայնության մասին խոսում են Արեւմուտքում եւ Մոսկվայում։ Նշվում է, որ Ուկրաինայում մեծ կորուստները, ռեզերվների սպառումն ու ռազմական պլանների խափանումը Կրեմլին ստիպում են դադար վերցնել։ Բացի այդ, պատժամիջոցները սպառնում են պետության դեֆոլտով՝ ներքին անխուսափելի ցնցումներով։
Արեւմտյան եւ ռուս փորձագետները կարծում են, որ հնարավոր է ինչ որ փոխզիջումային տարբերակ, որը Պուտինը կարող է ներկայացնել որպես իր հաղթանակ՝ պրոպագանդայով զոմբիացված սեփական հանրության եւ ուժային բլոկի առաջ։ Փոխզիջման հնարավորության մասին են խոսում նաեւ ուկրաինացի պաշտոնյաները։ Մանրամասներ չեն նշվում, սակայն Ուկրաինայի նախագահի աշխատակազմը խոսում է օրինակ Ուկրաինայի չեզոքության կարգավիճակի մասին՝ անվտանգության համապատասխան երաշխիքներով։
Իր հերթին, Պուտինի նահանջի օգտին է խոսում Կրեմլի խոսնակի վերջին հայտարարությունն Արեւմուտքի հետ բանակցության անհրաժեշտության մասին։ Նա ասել է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, ի հայտ են եկել նոր նրբերանգներ, եւ նախկին ձեւով բանակցությունները հնարավոր չէ շարունակել։ Հիշեցնենք, որ Մոսկվան ավելի վաղ վերջնագիր էր ներկայացրել Արեւմուտքին։
Փորձագետները նշում են, որ սա կտրուկ վատթարացած իրավիճակում Կրեմլի նոր մարտավարությունն է, Պուտինին դադար է անհրաժեշտ ուժերը վերախմբավորելու եւ պատժամիջոցները եթե ոչ մեղմելու, ապա դրանց հետեւանքները մեղմելու համար, որից հետո նա կրկին ձեռնամուխ է լինելու իր պլանների իրագործմանը։ Նրան ներկայում ձեռնտու է իրավիճակի սառեցումը։ Եթե, իհարկե, բանակցություններումն արդյունք գրանցվի։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/15/704597/