«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների ներկայացման, ոլորտում խնդիրների առաջացումը կանխարգելելու առաջարկությունների ներկայացման վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա են լինելու ձու արտադրողներ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք, որ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն էին, որոնց չէին դիմանում փոքր տնտեսվարողները:
Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է, որը ձու էր հանել վաճառքի ինքնարժեքից էժան: Այս ընկերությունը տեւական ժամանակ ձվի շուկայում գնային տատանումներ էր առաջացնում, ինչի հետեւանքով տուժում էին փոքր եւ միջին տնտեսվարողները: Օրինակ՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան այս ամենի հետեւանքով փակման եզրին է: Նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը ժամանակներ առաջ ձվի շուկայում արհեստական գնիջեցում էր առաջացրել, այժմ՝ Սուրբ Զատիկին ընդառաջ, բարձրացնում է հավկիթի գները միանգամից միջինը 30 դրամով: Եւ չի բացառվում՝ նաեւ Զատիկին էլի ձվի դեֆիցիտ լինի այս տարի, ինչպես եղավ նախորդ տարի:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում