Դժվար ժամանակներում մարդիկ ցույց են տալիս իրենց էությունը, եւ շատերը, ռուսերեն ասած, դավաճանի պես են իրենց պահում։ Ոմանք թողնում են պաշտոնները, հեռանում ծառայությունից, ոմանք հեռանում են երկրից։ Ինքնամաքրում է տեղի ունենում, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։


Նա կրկնել է Պուտինի երեկվա հայտնի ելույթի դրույթները՝ Պուտինն իր քաղաքական կուրսին անհամաձայնություն հայտնողներին, երկրից հեռացողներին անվանել է դավաճաններ ու տականքներ, իսկ այդ գործընթացը՝ ինքնամաքրում։

 

Ինչ է մնալու «ինքնամաքրումից» հետո՝ դժվար չէ ենթադրել։ Ռուսաստանցիների «հեռացող» մասը, Պուտինի բնորոշմամբ՝ դավաճաններն ու տականքները, հասկանում են Կրեմլի քաղաքականության հետեւանքներն ու հեռանկարները Ռուսաստանի համար՝ լավագույն դեպքում՝ աշխարհից մեկուսացած, հետամնաց, պետական քարոզչությամբ z-ացված երկիր: Դատելով Պուտինի ելույթներից, որոնցում նա շարադրում է Ռուսաստանի հեռանկարի իր պատկերացումները, դա այն է, ինչին ձգտում է նրա կլեպտոկրատ ռեժիմը։

Միեւնույն ժամանակ, նույնիսկ այս վիճակը հնարավոր չէ երկար պահել։ Պուտինի եւ նրա խոսնակի հայտարարություններից հաստատվում են այն տեղեկությունները, որ ռեժիմի ներսում, չնայած արտաքուստ պահպանվող միասնությանը, նույնպես «դավաճանական» գործընթացներ են սկսել։ Մամուլն արդեն գրել է ՌԴ ֆինանսների նախարարի եւ ԿԲ նախագահի հրաժարականի մասին․ այս երկու պրոֆեսիոնալները Պուտինի սեղանին են դրել ֆինանսա-տնտեսական սպասվող խնդիրների վերաբերյալ զեկույց, ըստ որի՝ գնաճը կարող է կազմել մոտ 70 տոկոս, եւ ոչ մի գործիքով հնարավոր չէ լուծել պատժամիջոցների հետեւանքով ահագնացող խնդիրները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում