Ուկրաինայում ռուսական զորքերի մարտավարությունն իրավիճակի վատթարացման է հանգեցնում հենց Ռուսաստանում, ուստի խաղաղության եւ անվտանգության շուրջ բանակցությունները Մոսկվայի միակ հնարավորությունն են՝ սեփական սխալներից նվազեցնելու վնասը: Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:
«Մեր երկիրը գրավելու ռուս զինվորականների նախնական ծրագիրը ձախողվեց։ Եւ նրանք, կարծես, չգիտեն՝ էլ ինչ կարելի է անել մեզ հետ: Նրանց ռազմական հրամանատարները, կարծես, չեն կարողանում իրենց քաղաքական ղեկավարությանն այլ բան առաջարկել, քան դաժան եւ սխալ մարտավարությունը՝ մեզ հյուծելու, Ուկրաինան հյուծելու համար։ Խաղաղ բնակչությանը, խաղաղ քաղաքներին, մարդկանց, երեխաներին մշտական հարվածներից բացի, հրթիռներից, ավիառումբերից, «Գրադ»-ից, «Ուրագաններ»-ից գնդակոծություններից բացի ոչինչ, ոչ ռազմական ենթակառուցվածքից՝ բնակելի շենքերից, հիվանդանոցներից, դպրոցներից, եկեղեցիներից բացի:
Բայց նրանց զինվորականների այս մարտավարությունը միայն սրում է իրավիճակը ռուսական պետության համար, նոր ու նոր կործանարար պատժամիջոցների է հանգեցնում, դրդում է նոր անդամներին միանալ մեր հակապատերազմական կոալիցիային, թույլ է տալիս Ռուսաստանի վրա ճնշման համար միավորել նույնիսկ այն պետություններին, որոնք միշտ փորձել են չեզոք մնալ:
Ուստի խաղաղության, մեզ համար, Ուկրաինայի համար անվտանգության բովանդակալից, ազնիվ եւ առանց ձգձգման բանակցությունները Ռուսաստանի միակ հնարավորությունն են սեփական սխալներից վնասը նվազեցնելու համար»,- ասել է Զելենսկին։
Նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան միշտ պնդել է բանակցությունները, երկխոսություն, խաղաղության համար լուծում է առաջարկել:
«Եւ ես ուզում եմ, որպեսզի բոլորը լսեն ինձ հիմա, հատկապես՝ Մոսկվայում: Ժամանակն է հանդիպել: Խոսելու ժամանակն է։ Ժամանակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու արդարությունը: Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդն էլ չի բավականացնի ոտքի կանգնելու համար»,- ասել է Զելենսկին։
Նա ուշադրություն է հրավիրել Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքի մի ուշագրավ դետալի վրա:
«Պարզապես պատկերացրեք, որ Մոսկվայի այդ մարզադաշտում 14 հազար դի եւ տասնյակ հազարավոր վիրավորներ եւ հաշմանդամներ են։ Ռուսական կողմն այդքան կորուստներ ունի այս ներխուժումից: Ահա այդպիսին է պատերազմի գինը: Մոտ երեք շաբաթվա ընթացքում: Պատերազմին պետք է վերջ տալ. Ուկրաինայի առաջարկները սեղանին են»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ առաջիկա օրերին կշարունակի Ուկրաինայի համար խաղաղության կոչով դիմել աշխարհի ժողովուրդներին։ Նախատեսված են շվեյցարացիներին՝ ժողովրդին եւ պետությանն ուղղած կոչեր, ելույթներ են նախատեսված Իսրայելի, Իտալիայի, Ճապոնիայի համար: