Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց: Այս մասին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը հարցրեց, թե ԱԳ նախարարը կարո՞ղ է հստակ հայտարարել է, որ ՀՀ-ն բանակցությունների մեջ մտել է՝ բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու ՀՀ-ի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող:
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. « Դուք ներկայացնում եք ձեր կուսակցության պատկերացումները, այն կուսակցությունը, որը ես եմ ներկայացնում, նաեւ կառավարությունը բազմիցս հանդես է եկել բոլոր հարցերի վերաբերյալ իր պատկերացումներով; Ընդ որում հանդես է եկել նաեւ նախընտրկան քարոզարշավի ընթացքում: Այդ պատկերացումները կառուցված են տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա: ՀՀ քաղաքացիների կողմից մեր բարձրաձայնած թեզերը, ըստ ամենայնի, գտել են բավարար աջակցություն, որպեսզի ձեւավորվի կառավարություն ՔՊ-ի կազմից կամ վարչապետի առաջադրմամբ: Կրկնում եմ՝ մեր կառավարության ուղենիշն է կառուցել խաղաղություն տարածաշրջանում»:
Անշուշտ դրա կարևորագույն մաս է դրա շուրջ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը: Կարող եմ հավելել, որ մեզ համար սկզբունքային և առանցքային է արցախահայության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,-ասաց ԱԳ նախարարը:
Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ Արցախը հռչակել է իր անկախությունը, Արցախի Սահմանադրությամբ հստակ գրված է, թե Արցախի ժողովուրդն ինչպե՞ս է պատկերացնում Արցախի խնդրի լուծումը. «Այսինքն ես ուզում եմ հասկանալ, ձեր կառավարությունը հրաժարվո՞ւմ է այդ պահանջներն իրականացնել, թե ոչ: Հրաժարվո՞ւմ է Արցախի ժողովրդի կամքի իրացումից, թե ոչ: Դա ՀՅԴ-ի ծրագրում չի գրված, դա գրված է մեր ռազմավարության մեջ»,-ընդգծեց Ռուստամյանը:
Արարատ Միրզոյանը կրկնեց, որ Արցախի հայության բոլոր իրավունքները եւ Արցախի կարգավիճակը մեզ համար մնում է սկզբունքային: