The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է Ուկրաինա ռուսական ներխուժման մարտավարության փոփոխության մասին։

Նախկինում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գտնում էին, որ նախագահ Պուտինի նպատակն էր մի քանի օրում Կիևը վերցնելը և Զելենսկու կառավարությունը ռուսամետ ռեժիմով փոխարինելը: Ավելի քան երեք շաբաթ տևած մարտերի ընթացքում դա չի իրականացվել. ըստ WSJ-ի աղբյուրների, դա դրդել է Պուտինին փոխել մարտավարությունը:

ՌԴ նախագահը ներկայում փորձում է Կիևին ստիպել ընդունել Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի հարավային և արևելյան տարածքների նկատմամբ։

«2014 թվականին գրավելով Ղրիմը և Դոնբասի որոշ հատվածներ՝ Ռուսաստանը ձգտում է «ցամաքային կամուրջ» ապահովել Ռուսաստանի արևմտյան և Ղրիմի թերակղզու միջև, ինչպես նաև ընդլայնել ռուսական վերահսկողությունը Դոնբասի վրա», ասել է աղբյուրը:

Եթե ​​այդ տարածքային պահանջները և Ուկրաինայի չեզոքության պահանջը մերժվեն, ակնկալվում է, որ Պուտինը կփորձի պահել այն ամբողջ տարածքը, որը ռուսական զորքերը գրավել են, ասում են ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաները: «Ելնելով մեր ռազմական գնահատականներից՝ թվում է, թե նա [Պուտինը] վերադառնում է պաշարման մարտավարությանը», ասում է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։

Միաժամանակ Պուտինը կարող է ընդլայնել իր ռազմական նպատակները, եթե ռուս զինվորականների գործողություններն ավելի հաջող լինեն։

«[Ուկրաինայի] մայրաքաղաքի կարգավիճակը մնում է բաց հարց, և հաշվի առնելով Ուկրաինայի ուժեղ դիմադրությունը, պարզ չէ՝ արդյոք ռուս զինվորականները կարող են բավականաչափ զորքեր հավաքել Կիևը շրջափակելու և գրավելու համար», – ասել է թերթի աղբյուրը։

Wall Street Journal-ն իր նյութում նշում է, որ Վլադիմիր Պուտինի ռազմավարության իրենց մեկնաբանությունը ոչ թե հետախուզական հանրության պաշտոնական գնահատականի, այլ գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեցող ԱՄՆ որոշ պաշտոնյաների տեսակետի արդյունք է։

Աղբյուրը՝ lragir.am