ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սերժ Սարգսյանի` երեկ Մոսկվայում արված հայտարարության մասին կհայտնի իր դիրքորոշումը միայն հստակ տեղեկատվություն ունենալու դեպքում:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ զրոյական տեղեկատվության դեպքում ճիշտ չէ քաղաքական ուժերից դիրքորոշում ակնկալելը:
«Երբ, որ մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները, բանակցությունները վարողները խորհրդարանին հարկ կհամարեն, կբարեհաճեն տեղեկատվություն տրամադրել, այդ ժամանակ էլ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Իսկ «Կիկոսի մահ»-ի պատմությունը սարքել` ունենալով զրոյական տեղեկատվություն», ես ինքս մեկնաբանություն չեմ կարող հայտնել», - պարզաբանեց նա:
Նա նաև նշեց, որ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ չի կարողանում արտաքին գերատեսչության որևէ պատասխանատուից կապակցված, տրամաբանական պատասխան ստանալ, քանի որ նրանք բոլորը «խորը» անհասանելի են:
Իսկ մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանը այսքանից հետո կմեկնի՞ մասնակացելու ԵԽԽՎ նստաշրջանին, նա պատասխանեց, որ կարծում է, որ կմեկնի:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը: