«Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունը կախված էր ոչ թե Հայաստանի բնակչությունից, քաղաքական իշխող խմբի կարծիքից, այլ մեկ մարդուց ՝ Սերժ Սարգսյանից, ով վերջին տարվա ընթացքում ամեն ինչ արեց հասարակության դերը երկրում չեզոքացնելու համար»,- YerevanNews.am- ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ 2008 թվականի հետո մեր հասարակության մեջ կա անտարբերություն: Որոշում կայացնում է նախագահը: «Եվ Ռուսաստանը ամենայն հավանականությամբ գիտակցելով, որ Հայաստանի որոշումը կախված է ընդամենը մեկ մարդուց, այդ մարդու վրա ճնշում գործադրեց և ստացավ այն որոշումը, որ ինքն էր ուզում»:
Արմեն Բադալյանը գտնում է, որ դա սպասելի որոշում էր, որովհետև Ռուսաստանը հենց այնպես չի համաձայնվելու, որ Հայաստանը գնա դեպի Եվրոպա, և Եվրոպայի ազդեցությունը ուժեղանա Հարավային Կովկասում: Դա հասկանալի է՝ Ասոցացման պայմանագիրը միայն տնտեսական պայմանգիր չէ, այլ հետագա քաղաքական գործիք է հանդիսանում Հարավային Կովկասում Եվրոպայի դիրքերը ամրապնդելու համար: Ռուսաստանն էլ բնականաբար դա չի թույլ տա, ինչի վկայությունը փորձագետը տեսնում է Բաքվում, երբ մի շարք պայմանագրեր կնքվեցին:
Ըստ Արմեն Բադալայանի՝ սա ևս մի քայլ էր ցույց տալու համար, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է Մոսկվայի վրա, և այն հայտարարությունները, որ այդ հարցը պետք է հանրաքվեով լուծվի` անիմաստ են: Ի տարբերություն Ուկրաինայի, որը նույնպես Ասոցացման պայմանգիրը պետք է կնքի, Հայաստանում պայմանները ուրիշ են: Ուկրաինայի կառավարությունը կարողացավ այնպես անել, որ երկրում միահեծան իշխանություն չլինի: Այնտեղ կա բավականին ուժեղ ընդդիմություն:
«Ի տարբերություն դրա, Հայաստանում նախագահը հասավ նրան, որ բոլոր ընտրությունների ժամանակ այդ ղեկավար մարմինների 95 տոկոսում իշխի մեկ կուսակցություն: Փաստորեն, հանրաքվեի կարիք չկա, գործող նախագահը արդեն որոշել է և վերջ: Անգամ եթե հանրաքվե լինի այն ցույց կտա նույն արդյունքները, ինչ ընտրությունների ժամանակ»,-ասաց Արմեն Բադալյանը:
Հարցին, թե «մտադրություն հայտնելը» դիվանագիտության մեջ վերջնական որոշում է, Արմեն Բադալյանն ասաց. «Սա վերջնական որոշում է : Պուտինը հայտարարեց, որ իրենք կօգնեն միանալ Մաքսային միությանը. դա նշանակում է ՝ պետք է միանանք և վե´րջ: Դժվար թե նա կարողանա գցել Ռուսաստանին»: