Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ: Պայքարը կսկսեն Արսեն Հարությունյան (61 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ) եւ Հովհաննես Մխիթարյան (92 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը կմեկնարկի քառորդ եզրափակիչից: Նրա մրցակիցը որակավորման փուլում կլինի ֆրանսիացի Ադամ Բիբուլատով - մակեդոնացի Բեսիր Ալիլի զույգի հաղթողը:


Մ23 աշխարհի առաջնության բրոնզե, Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում կմրցի սերբ Հետիկ Կաբոլովի հետ:

Հովհաննես Մխիթարյանը կմեկնարկի քառորդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը վրացի Միրիանի Մայսուրաձեն է:

Երկրորդ մրցումային օրվա երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը ոսկե մեդալի համար կգոտեմարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ:

Բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը ուժերը կչափի գերմանացի Նիկլաս Ստեչելի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել: Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիրը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բուլղարացի Միրոսլավ Ստեպանով Կիրովի հետ:

65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը լքել է պայքարը: