«Ոչ միայն հուշարձանի ավերումն է հանցանք, այլև ինքնակամ շինարարությունը, ինչը այսօր տեսնում ենք «Փակ շուկայի»տարածքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ ընդգծելով՝ եթե փակ շուկան վերակառուցվի և բացվի, դա կնշանակի, որ մյուս ոլորտներում, օրինակ կադաստրում, անօրինությունները շարունակվում են :

«Այսինքն՝ մեր օրենսդրական դաշտը չի գործում»,- նշեց նա:

«Շուկան փակված է չորս կողմից և հայտնի չէ , թե այնտեղ ինչ է կատարվում, ինչ տարօրնակ է, քանի որ քաղաքապետարանը նշել է, որ «Փակ շուկան» իր պաշտպանության ներքո է: «Փակ Շուկայի» սեփականատերը 2 անգամ տուգանվել է: Մեր պահանջն է, որ նա զրկվի Շուկայի նկատմամբ իր սեփականատիրական կարգավիճակից, և հուշարձանը վերադարձվի հանրությանը: Մենք բազմիցս դիմել ենք նախագահին, վարչապետին, դատախազությանը, բայց պատասխան չենք ստացել», -ասաց ճարտապետը:
Ճարտարապետը մեկ անգամ ևս հիշեցրեց, թե որքան մեծ է «Փակ շուկայի» մշակութային արժեքը՝ ասելով, որ նմանատիպ շուկայի գոյությունը մեզ համար հպարտություն է, չնայած տասնյակ այլ ծածկված շուկաների առկայությանը, այն եզակի երևույթ է:
Հանդիպմանը ներկա լրագրող և «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» հասարակական շարժման անդամ Անի Քոչարը տեղեկացրեց, որ սեպտեմբերի վեցին երթ է կազմակերպվելու ընդդեմ «Փակ շուկայի» քանդմանը: Երթուղին ընդգրկելու է քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը դատախազությունը և վերջում՝ «Փակ շուկան»:
«Պայքարը շարունակվելու է ՝ անկախ մնացած շինծու պայքարից և երկար է տևելու»,-նշեց Անի Քոչարը: