«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեւական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թեւերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։
«Քանի որ այս անգամ ՔՊ վարչության կազմը կրճատվելու ու 21-ից 15 է դառնալու, հետեւաբար պայքարն այժմ ավելի է շիկացած. բոլորը ցանկանում են բաղձալի 15-ում հայտնվել։ Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել։ Չընտրվելու մտավախություն նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ունի, ով նույնպես այդքան էլ սիրելի ու ընկալելի չէ ներսում», -ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին, ապա, ըստ մեր տեղեկությունների, գրեթե բոլորն էլ մտադիր են առաջադրվելու ու ընտրվելու, առաջամարտիկներից է Վահագն Ալեքսանյանը, ցանկություն ունեն նաեւ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանն ու այլք։
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ-ական իր թիմին է ցանկանում ՔՊ վարչությունում տեղավորել՝ ի դեմս պատգամավոր Հասմիկ Հակոբյանի: Մի խոսքով, անչափ թեժ իրավիճակ է, կարելի է ասել` իրար կոկորդ են կրծում։ Միմյանց հետ են բանակցում, մտածում` ինչ մեթոդներ բանեցնեն, որ իշխող կուսակցության վարչության կազմում հայտնվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի ասում` ում ընտրեն, ինչ անեն, որեւէ մեկին չի ուղղորդում։ Ասել է` սա դուք, սա` կուսակցությունը», – ավելացրեց մեր աղբյուրը:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում