Երևանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվեց նաև «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները «Գրքի բանկի» միջոցով նվիրել են 6000-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3000-ը փոխանցվել է ՀՀ, 1000-ը՝ ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2000 գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված ծրագիրը կլինի շարունակական և կդառնա հաճելի ավանդույթ: Գաղափարի նպատակն է հասարակության շրջանում ամրապնդել գիրք նվիրելու մշակույթն ու աջակցել գրադարանների զարգացմանը: