ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանն ընդունում է 2013թ. սեպտեմբերի 12-ին ժամը 13.00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում քննարկում-բանավեճին մասնակցելու իր մրցակից Արա Զոհրաբյանի հրավերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում այսօր համոզմունք հայտնեց Կ.Գրիգորյանը, Արա Զոհրաբյանը ԶԼՄ հրապարակումներից իմանալով այդ մասին, կողջունի իր հայտարարությունը: Նա համոզմունք հայտնեց նաև, որ առողջ քննարկում տեղի կունենա,-այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Կ.Գրիգորյանը միաժամանակ բանավեճ-քննարկումն արդյունավետ դարձնելու համար առաջարկում է ընդլայնել դրա մասնակիցների շրջանակը՝ բանավեճ-քննարկմանը հրավիրելով ողջ փաստաբանական կորպուսը՝ մարզերից ու Երևանից: Այդպիսով թեկնածուները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը, պատասխանել գործընկերների ու լրագրողների հարցերին, լսել գործընկերների առաջարկներն ու դիտողությունները:

Կրոմվել Գրիգորյանը համամիտ չէ թեկնածուներից մեկի՝ Տիգրան Աթանեսյանի հետ, ով քննարկում-բանավեճն որակել է որպես «հյուրանոցային բանավեճ» և հրաժարվել մասնակցել դրան: Նա կոչ արեց Տիգրան Աթանեսյանին միանալ քննարկմանը: