Նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական մրցավազքի բացահայտ ֆավորիտն է, բայց որոշիչ կարող է լինել մի մեծ անհայտ գործոն. աննախադեպ թվով ֆրանսիացիներ ասում են, որ վստահ չեն, թե ում օգտին են քվեարկելու կամ ընդհանրապես մտադիր չեն քվեարկել, ինչը մեծ անորոշություն է ստեղծում, գրում է AP-ն։

Եվրոպաամետ ցենտրիստը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել հարցումներում։ Նրա հիմնական մրցակիցը՝ ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը, վերջին օրերին թափ է հավաքում։ Երկուսն էլ լավ վիճակում են՝ ապրիլի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու համար:


«Վստահություն չկա»,- նախազգուշացրել է Մակրոնը շաբաթ օրը Փարիզի մոտ իր առաջին մեծ հանրահավաքի ժամանակ: «Մի հավատացեք հարցումներին կամ մեկնաբաններին, ովքեր ձեզ կասեն, որ... ընտրություններն արդեն կայացել են, որ ամեն ինչ լավ է լինելու»,- իր կողմնակիցներին ասել է նա։

Այս տարվա երկրորդ փուլի սցենարները ցույց են տալիս, որ Լը Պենը զգալիորեն կրճատել է տարբերությունը Մակրոնի հետ 2017-ի համեմատ, երբ նա պարտություն կրեց:

Հարցումները դեռ նրան Մակրոնից հետ են պահում, բայց՝ շատ ավելի մոտ՝ ցույց տալով հռետորաբանության եւ իմիջի մեղմմանն ուղղված նրա վաղեմի ռազմավարության իմաստությունը, ինչը թույլ է տալիս Լը Պենին Մակրոնի դեմ ձայներ, ինչպես նաեւ աջակցություն ստանալ ծայրահեղ աջերից: