ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագծում, որը նախօրեին ներկայացրել է Ուկրաինան, «շեղում կա Ստամբուլի հանդիպման ժամանակ ամրագրված դրույթներից», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովի խոսքով՝ Ուկրաինան նախկինում խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այս կետը բացակայում է։


Բացի այդ, Ուկրաինան առաջարկում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկել Ղրիմի ու Դոնբասի հարցերը, իսկ դա անընդունելի է, ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, անդրադառնալով Լավրովի հայտարարություններին, «Ուկրաինսկա պրավդա»-ին ասել է, որ իր երկիրը բանակցություններին մոտենում է «առանց շահարկումների, ինչը բնորոշ է ռուսներին, ովքեր սադրիչ հրապարակային հայտարարություններով փորձում են ճնշում գործադրել մյուս կողմի վրա»: Պոդոլյակը չի հայտնել Ուկրաինայի դիրքորոշման մանրամասները։


Ուկրաինայի բանակցային խմբի ղեկավար Դավիթ Արախամիան հավելել է, որ խումբը անմիջականորեն չի շփվում Սերգեյ Լավրովի հետ։